Տանիքածածկում

Պատկերացնու՞մ եք արդյոք շենք առանց տանիքի։ Չէ՞ որ այն ոչ միայն պաշտպանում է շենքն անձրևից, կարկուտից, ձյունից ու արևից, այլև ապահովում է շինութան ջերմությունն ու ձայնամեկուսացումը։ Տանիքածածկումն արվում է շենքերի կառուցման, կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման ժամանակ: Այս գործընթացին պետք է լուրջ վերաբերվել, վերանորոգման ժամանակ խստորեն պահպանել  տանիքի ծածկերի տեղադրման տեխնիկան, որպեսզի չխախտվի կառույցի ամբողջականությունը: Ավելորդ է ասել, որ տանիքածածկման աշխատանքները նպատակահարմար է վստահել հմուտ մասնագետներին, ովքեր ունեն աշխատանքի կատարման և կազմակերպման փորձ, անհրաժեշտ գործիքների զինանոց և  վստահելի հարաբերություններ տանիքի ծածկերի մատակարարների հետ: Այսպիսով, դուք կխնայեք և՛ ժամանակ, և՛ ֆինանսներ, և՛ նյարդեր՝ խուսափելով անկանխատեսելի իրավիճակներից։

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ունենալ տանիքածածկման մասին որոշակի գիտելիքներ՝ մասնագետների հետ արդյունավետ քննարկումներ ունենալու և լավագույն արդյունք ստանալու համար։

Ուստի եկե՛ք ծանոթանանք տանիքածածկման տեսակներին ու առանձնահատկություններին:

Տանիքածածկման հիմնական տեսակները

Ամեն տարի փոխվում են պատվիրատուների և դիզայներների նախասիրությունները, դրա հետ մեկտեղ՝  նաև տանիքի ձևը: Սակայն գոյություն ունեն տանիքի երկու հիմնական տեսակներ՝ թեք (լանջի թեքությունը կարող է տարբեր լինել՝ 5-90 աստիճան) և հարթ (թեքությունը՝ 3 աստիճանից ոչ ավելի):

Տանիքի յուրաքանչյուր տեսակ ունի իր առավելությունները՝

Թեք տանիքներ նախընտրողները շատ են, քանի որ դրանք դասական տեսք ունեն և կարող են լինել տարբեր դիզայնով` երկթեք, միաթեք, գմբեթավոր և այլն: Բավական տարածված են  ձեղնահարկ-տանիքները՝ իրերի պահպանման համար նախատեսված, և ուղղակի ձեղնահարկերը, որոնք կարող են օգտագործվել նաև որպես սենյակ։

Ինչ վերաբերում է ժամանակակից հարթ տանիքներին, ապա դրանք ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ են, քան նախորդները, ավելի հեշտ ու արագ են տեղավորվում։ Դրանք կարող են լինել նաև շահագործվող կամ չշահագործվող: Առաջինը հարմար է այնքանով, որ չի խանգարում օդորակիչի, ալեհավաքի, արևային մարտկոցների տեղադրմանը, և հետագայում վերակառուցման աշխատանքները  հեշտությամբ են իրականացվում: Շահագործվող տանիքները հարմար են նաև լրացուցիչ հանգստի գոտի կառուցելու հնարավորությամբ՝ լինի դա լողավազան, խաղահրապարակ, ծաղկանոց և այլն։

Տանիքի ծածկերի հիմնական տեսակները

Ժամանակակից շինարարական շուկայում ներկայացված է  տանիքապատման նյութերի լայն ընտրանի՝ գլանվածքներ, ծալքաթիթեղներ, կղմինդրների տեսականի՝ կոմպոզիտային, կերամիկական, ինչպես նաև բնական շիֆեր:

Տանիքների տեղադրման տեսակները

  • Ավանդական – հիմք, ֆերմայի համակարգ, կավամարած և հակակավամարած, գոլորշամեկուսացում, ջերմամեկուսացում, ջրամեկուսիչ շերտ, վերին ծածկույթ:
  • Ինվերսիոն – հիմք, ջրամեկուսիչ շերտ (PVC թաղանթներ, բիտումային գլանափաթեթներ և այլն), մեկուսիչ, գեոտեքստիլ, դրենաժային շերտ (խիճ կամ մանրացված քար, սալիկ, սալաքար, փայտյա հատակ, կանաչ տանիք):

Ջրահեռացման համակարգ

Ջրահեռացման համակարգի հիմնական խնդիրն է նվազեցնել տեղումների բացասական ազդեցությունը տանիքի հիմնական տարրերի վրա, պաշտպանել հիմքը ջրի առատ հոսքից, իսկ շենքի ճակատը` վնասվելուց: Ջրահեռացման համակարգերը ցանկալի է տանիքի հետ միաժամանակ տեղադրել։

Ժամանակակից ջրահեռացման համակարգերը և դրանց առավելությունները

  • մետաղյա (պողպատ և պղինձ). չեն կոտրվում ձյան և ավելորդ տեղումների հետևանքով, չեն ճաքում ցրտից և չեն տաքանում արևի տակ.
  • պլաստիկ (PVC). դիմանում են կոռոզիաներին և ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

Հարթ տանիքների դեպքում ջրահեռացման համակարգը հնարավոր է նաև տեղադրել ոչ միայն վերը նկարագրված ավանդական տիպի մոնտաժով՝ ջրհորդաններով, ձագարներով և խողովակներով, այլ նաև ներքին՝ ինքնահոս-վակուումային և սիֆոն-վակուումային համակարգերով ջրահեռացում:

Տանիքածածկմանն առնչվող հիմնական հարցերը թերևս սրանք էին: Հուսով ենք, որ այս փոքրիկ տեղեկությունները կօգնեն ձեզ՝ ավելի իրազեկ լինելու և տանիքածածկման ժամանակ ճիշտ ընտրություն կատարելու հարցում:

Իհարկե, տանիքածածկման աշխատանքների ժամանակ մեծ դեր ունեն նաև շատ գործոններ՝

  • արտաքին տեսք
  • ֆունկցիոնալություն
  • դիզայնի առանձնահատկությունները
  • տեղադրման արագություն
  • հուսալիություն
  • երկարակեցություն
  • պահպանելիություն
  • գին

որոնք կարող են ազդել ձեր որոշման և վրա: Սակայն ցանկացած դեպքում պետք է հիշել, որ տանիքի տեղադրումը պահանջում է տեխնոլոգիայի խստիվ պահպանում, որպեսզի տանիքը լինի ոչ միայն գեղեցիկ ու ֆունկցիոնալ, այլև երկարակյաց և հուսալի: