Ջրամեկուսացում. տեսակները, առանձնահատկություններն ու առավելությունները

Ջրամեկուսացումը  շինարարական աշխատանքների պարտադիր և ամենակարևոր փուլերից մեկն է, որն ապահովում է շինության հուսալիությունն ու ամրությունը՝ պաշտպանելով այն ջրի ներթափանցումից և հեղուկների ագրեսիվ ու վնասակար ազդեցությունից։ Ջրամեկուսացվում են բետոնե կոնստրուկցիաները, թեք և հարթ տանիքները, հիմքերը, խմելու ջրի շտեմարանները, սանհանգույցները և ցնցուղները, կամուրջները և այլ շինությունները։

Ջրամեկուսացման աշխատանքների անհրաժեշտությունն և կարևորությունն անվիճելի է, բայց եկե՛ք նախ պարզենք, թե որ դեպքում ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ նյութեր են օգտագործվում։

Շինությունների ջրամեկուսացման տեսակները

Ջրամեկուսացման տեսակները տարբեր են՝ կախված օգտագործվող նյութից, տեխնոլոգիայից և կիրառման ոլորտից: Դիտարկենք ջրամեկուսացման տեսակներն ըստ օգտագործվող նյութերի:

  1. Քսուքային ծածկույթով ջրամեկուսացում: Այս պարագայում օգտագործվում է բիտումային կամ պոլիմերային հիմքով մաստիկա: Բիտումային մաստիկաները լինում են երկու տեսակի՝ սառը և տաք օգտագործման։ Արդյունքում ստեղծվում է գրեթե միաձույլ ծածկույթ՝ առանց կարերի և ծալքերի, որն էլ իր հերթին հիանալի կերպով հաղթահարում է կոռոզիան և խոնավությունը։
  2. Սոսնձվող ջրամեկուսացում: Սրանք բիտումային-պոլիմերային գլանափաթեթներ են, որոնք սոսնձվում են հիմքի արտաքին պատերին կամ անմիջապես մաստիկային հատուկ գազի այրիչի միջոցով: Այս դեպքում անհնար է խուսափել կարերից կամ ծալքերից:
  3. Ժամանակակից պոլիմերային թաղանթներ: Առավել արդիական են PVC (պլաստիկացված պոլիվինիլքլորիդ), TPO (ռետինի և պոլիպրոպիլենի խառնուրդ) և EPDM (սինթետիկ կաուչուկ) թաղանթները: Դրանք տեղադրվում են նույն կերպ, ինչպես և գլանափաթեթները՝ եռակցվող կամ սոսնձվող կարով: Բայց սրանք ունեն  ավելի բարձր դիմադրողականություն եղանակային պայմանների և ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ:
  4. Ներթափանցող ջրամեկուսացում: Ճիշտ օգտագործելու դեպքում այս նյութերը ​​կարող են խորը ներթափանցել քարի և բետոնի մեջ՝ առաջացնելով մոնոլիտ։ Կիրառվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աշխատանքներում։ Բացի նրանից, որ ներթափանցող ջրամե­կուսա­ցումը պաշտպանում է խոնավությունից, այն նաև ամուր է մեխանիկական տարբեր ազդեցությունների դեպքում, քանի որ այս նյութերով մշակված մակերեսները դիմակայում են նաև բորբոսին և սնկերին:
  5. §Սպիտակ լոգարան»: Այս նորագույն տեխնոլոգիան իրենից ներկայացնում է ջրակայուն երկաթբետոնե կոնստրուկցիա (ջրակայուն բետոն): Այն կարող է օգտագործվել նկուղներում՝ ստորերկրյա և արտահոսող ջրերից պաշտպանելու համար:
  6. Սփրեյ պոլիուրեա (պենետրոն): Սա ջրամեկուսացման ունիվերսլ նյութ է, որն ունի բազմաթիվ առավելություններ՝
  • կարերի և ծալքերի բացակայությունը թույլ է տալիս օգտագործել այս տարբերակը թունելների, կամուրջների և արհեստական ​​ջրամբարների ջրամեկուսացման համար.
  • անվտանգ է. քանի որ չկան լուծիչներ և պլաստիֆիկատորներ, պոլիուրեան թույլատրվում է օգտագործել խմելու ջրի շտեմարանների ջրամեկուսացման համար.
  • արագություն և բարձր արտադրողականություն (մակերեսը 15-20 վայրկյան հետո պատրաստ է շահագործման).
  • հուսալիություն. պոլիուրեան կարող է ձգվել՝ քողարկելով հիմքի դեֆորմացիաները:

Ջրամեկուսիչ նյութերի ընտրությունը

Քանի որ շենքերի կառուցվածքները, պայմանները, բնական գործոնների ազդեցությունները տարբեր են, հետևաբար օգտագործվող նյութերի տեսականին ևս շատ բազմազան է։ Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է հաշվի առնել  ջրամեկուսիչ նյութերի հետևյալ հատկանիշները՝

  • էլաստիկություն
  • երկարակեցություն
  • կայունություն խոնավության հանդեպ
  • գոլորշու թափանցելիություն
  • կայունություն քիմիական նյութերի հանդեպ
  • ջերմադիմացկունություն և ցրտադիմացկունություն

Կարելի՞ է արդյոք հրաժարվել ջրամեկուսացումից

Ոմանք թերագնահատում են ջրամեկուսացման կարևորությունը՝ համարելով, որ դա փողի և ժամանակի ավելորդ վատնում է: Այդպե՞ս է արդյոք: Ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Եթե ​​դուք անտեսում եք այս ամենակարեւոր փուլը, ապա կարող եք խաչ քաշել ամբողջ շինարարության վրա: Ի վերջո, ջրամեկուսացման բացակայությունը կարող է հանգեցնել մետաղական կոնստրուկցիաների կոռոզիայի, պատերի մակերեսին կարող են առաջանալ բորբոս և սունկ, ինչն ազդում է այդ տանն ապրող մարդկանց առողջության և ընդհանրապես կառույցի ամրության վրա, որը վերջիվերջո կհանգեցնի փլուզման:

Խորհուրդ. Եթե ​​ցանկանում եք սկսել շինարարություն, ապա նախ և առաջ պետք է դիմել հմուտ մասնագետների, ովքեր գրագետ կմոտենան  ջրամեկուսացման հարցին և կազատեն Ձեզ ավելորդ խնդիրներից։